Выпуск: 184 от 10/04/2015, Рубрика: моно“Б”лог
 
 
Ոչ ոք չի մոռանա, ոչ ոք չի ների...
 
 
Ամեն ինչ սկսվեց 20-րդ դարի  սկզբին: Այդ ընտանիքը իր խաղաղ գոյությամբ դասվում էր մնացած բոլոր ընտանիքների շարքին, ովքեր Արաբկիրում ապրում էին իրենց հայրենի օջախներում ու իրենց հացն էին վաստակում: Նրանց անդորրը խաթարեց վայրագ թուրքը, ով որորոշել էր բնաջնջել մի ամբողջ ազգ, մի գեն, որ շատ հին էր ու դարերի պատմություն ուներ: Նրանք բնաջնջեցին Արևմտյան Հայաստանի տասնյակ բնակավայրերում ապրող 1.500.000 հայի: Նրանց շարքերում կլիներ նաև մեծ տատիս ընտանիքի մի մասը, եթե բարեբախտաբար կամ դժբախտաբար տեղի չուենար եղելությունը:
 
Զանգվածային ջարդերն արդեն սկսվել էին: Ջարդերի ժամանակ սպանվածների շարքում էին նաև մեծ տատիս հայրը և հորեղբայրները: Անսիրտ թուրքերը ափսոսելով նույնիսկ փամփուշտ օգտագործել «գյավուրներին» սպանելու համար հաստակոթ փայտի կտորներով հարվածել ու գետն էին նետել բազմաթիվ երիտասարդ տղամարդկանց, որոնց շարքում էին մեծ տատիս հայրն ու հորեղբայրները: Արաբկիր գյուղաքաղաքի գրեթե կենտրոնով հոսող Ոսկե գետակը վերածվել էր արյան գետի, հազարավոր հայերի արյուններ խառնվել ու ձուլվել էին միմյանց: Մեծ տատիս մայրը, ով չնաշխարհիկ գեղեցկությամբ հեզաճկուն մի հայուհի էր, հայտնվել էր թուրք փաշաներից մեկի ուշադրության կենտրոնում: Փաշան առաջարկել էր չքնաղագեղ Վերգինեին գնալ իր հետ, ինչի դիմաց նա ողջ կթողեր ընտանիքի մյուս անդամներին՝ մեծ տատիս, նրա եղբորը,հորաքույրներին ու պապին: Նա համաձայնեց թուրքի պայմանի հետ  իր զավակներին ու ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար: Այդպես իրեն զոհաբերելով չքնաղ հայուհին փրկեց իր ընտանիքին ու բուն ջարդերի ժամանակահատվածում փաշայի հրամանով այս ընտանիքին ոչ ոք մատով չդիպավ, մինչև որ նրանք ելք կգտնեին այդ զարհուրելի դժոխքից փրկվելու համար: Մի քանի տարի անց արդեն 1926 թվականին մի շարք արաբկիրցիների հետ այս առաջին հայացքից բախտավոր, բայց կրկնակի դժբախտ ընտանիքը բռնեց գաղթի ճամփան ու եկավ այժմյան Հայաստան: Նրանք ընտրեցին այն ժամանակ Երևանին կից մի վայր, որը նման էր իրենց փոքրիկ գյուղաքաղքին և տեղակայվեցին այնտեղ ու նոր արմատներ ձգեցին արդեն իսկ այս հողի վրա: Այդ տարածքը, որտեղ նրանք տեղավորվեցին, անվանեցին Նոր Արաբկիր: Այժմ Նոր Արաբկիրը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանն է: Մեծ տատս հորաքույրների հետ էր ապրում, նրանց հետ էր գաղթել, իսկ նրա եղբորը քեռիներն իրենց հետ տարել էին Հալեպ:
    
Անցան տարիներ, հորաքույրները տատիս՝ Արևալույսին, մեծացրեցին ու ամուսնացրեցին իրենց հարևանի որդու՝ Սարգսի հետ, ով ոչ պակաս դաժան ճակատագիր էր ունեցել: Նա նույնպես Արաբկիրից էր, 8 տարեկան է եղել, երբ թուքերը ներխուժել են նրանց տուն ու տարել ընտանիքի անդամներին: Միայն նա է կարողացել փախչել և թաքնվել անտառում: Հաջորդ օրը նրան գտել ու իրենց հետ տարել են տեղացի հայերը: Այսպես ճակատագրի հարվածներին դիմակայելով նրանք նոր ընտանիք ստեղծեցին, շարունակեցին ապրել, սակայն տատիս աչքերում ցավ ու տառապանք կար, նա չէր ներում իր մորը ու մինչ օրս անընդհատ կրկնում է. «Թող մեզ սպանեին, թող կոտորեին բոլորիս, բայց նա չգնար թուրք շանը կին դառնար»: Նա այդպես էլ չկարողացավ ներել մորը իրենց լքելու համար: Նրա մայրը ամուսնացել ու զավակներ էր պարգևել թուրքին, սակայն ինձ համար ամենազարմանալին այն է, որ թուրք փաշան չէր ստիպել գեղեցկուհի Վերգինեին հավատափոխ լինել ու դառնալ մուսուլման: Տարիներ անց, երբ Վերգինեի թուրք ամուսինը մահացավ, նա փախավ Թուրքիայից, գտավ իր եղբայրներին ու եկավ Հալեպ նրանց մոտ: Ողջ հալեպահայությունը թնդում էր այդ իրադարձության պատճառով: Նույնիսկ օրաթերթերից մեկի առաջին էջում տպագրվել էր հայուհու այս խոսքերը. «Եկել եմ, որ հայ մեռնեմ»: Ամեն ինչ պարզ է, նա զոհաբերել էր իրեն հանուն իր զավակների, սակայն խոր ծերության տարիքում էլ նա արեց դա, նա եկավ, որ հայ մեռնի: Արդեն ծեր, բայց չքնաղ Վերգինեի վերադարձի լուրը հասել էր նաև ընտանիքիս, ծեր կինը ցանկություն էր հայտնել տեսնել իր աղջկան՝ տատիս, բայց տատս չգնաց, նա չէր ներել մորը: Պապիկիս եղբայրը գնաց Հալեպ հանդիպելու իր տատին, այդ վեհանձն կնոջը, ում շնորհիվ հիմա կա ընտանիքս, կամ ես, կամ ու գրում եմ այս տողերն ու խոնարհվում եմ նրա վառ հիշաակի առջև: Ընտանեկան ալբոմում խնամքով պահում ու փայփայում ենք Վերգինե տատի լուսանկարը, որ Հալեպից իր հետ բերել է պապիկիս եղբայրը:
 
Մեծ տատս՝ Արևալույս Ամալյանը, արդեն 102 տարեկան է, ապրում է իմ և ընտանիքիս հետ նույն հարկի տակ, այն տանը, որ կառուցվել է 1926 թվականին, որը հայրս շենացնում է մինչ օրս: Արևալույս տատը արդեն բավականին ծեր է, բայց նրա հիշողության մեջ դեռ թարմ են թուրքի ոճրագործության մասին հիշողությունները: Ես՝ ապրելով նրա հետ նույն հարկի տակ ու ամեն պահ տեսնելով նրան, երբեք չեմ կարող մոռանալ նրա ցավով ու տառապաքով լի աչքերը, նրա ժպիտը, որի տակ ցավ ու կսկիծ է թաքնված: Նա հաճախ է ասում. «ԷՐԳՐԻՑ եմ եկել», ուզում եմ, շատ եմ ուզում ես էլ մի օր գնամ «էրգիր», ես էլ գնամ ու տեսնեմ տատիս ու պապիս Արաբկիրը, շնչեմ նախնիներիս հայրենիքի օդը, նստեմ Ոսկե գետակի ափին ու վայելեմ «էրգրիս» օդն ու ջուրը:
 
Այո՛, անցել է մեկ դար, հարյուր տարի, բայց սա այնպիսի ցավ է, որ թեկուզ հարյուրամյակներ, թեկուզ հազարամյակներ էլ անցնի երբեք չի մոռացվի: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում էլ հայը կսգա ու վառ կպահի 1.500.000 անմեղ զոհերի հիշատակը: Անցյալ դարի վերքերը չեն սպիանում: Ոչ ոք չի մոռանա, ոչ ոք չի ների...
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Անահիտ Ամալյան
(“Իրավաբանություն”, III կուրս; Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի ուսանողական խորհրդի փոխնախագահ)
 
Микрофон
Fish-ка
Be the best version of yourself 12/12/2019 Be the best version of yourself :)